Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 318
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/11/2023
Գերմանիայի արտգործնախարարը տպավորված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ տարվող աշխատանքներով․ Արտաշատ համայնքի ղեկավար

Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շատ բարձր ու դրական է գնահատում արտասահմանյան բարեկամ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Արարատի մարզ, քանի որ դրանք նպաստում են, որպեսզի աշխարհն ավելի իրազեկված լինի, թե ինչպիսի բռնի ձևով են մեր հայրենակիցները տեղահանվել Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հարազատ օջախներում թողնելով ամեն ինչ, իրենց հետ բերելով միայն առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ։

Կառլեն Մկրտչյանը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին Ոստան համայնքում դիմավորողներից մեկն էր, որտեղ բարձրաստիճան հյուրին հնարավորություն տրվեց անմիջականորեն հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ բավականին երկար շփվել է գերմանական պատվիրակության հետ, որի անդամները պարզապես զարմացած էին, թե մի քանի օրում Հայաստանն ինչպես է կարողացել ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանված հայրենակիցների ընդունել։ Գերմանիայի արտգործնախարարը նույնիսկ համեմատություն է կատարել և շեշտել, որ անգամ Ուկրաինայում չի հաջողվել մարդկանց, հատկապես երեխաների համար բնականոն կենսապայմաններ ապահովել և արագ ինտեգրել նոր միջավայրին, մինչդեռ Հայաստանում այդ առումով շահեկանորեն այլ պատկեր է։      

«Տիկին Բերբոքն իսկապես զարմացած էր, որ մեզ հաջողվել է շատ կարճ ժամանակամիջոցում լուծել կազմակերպչական բնույթի կարևոր հարցեր։ Երեխաներն ու մեծահասակները ներդաշնակորեն ինտեգրվել են նոր պայմաններին և այդ տեսանկյունից տեղացիների հետ համակեցության որևէ խնդիր չունեն։ Բոլորին ընդունել ենք հարազատի պես»,- նշեց Մկրտչյանը։

Նա տեղեկացրեց, որ Արարատի մարզն առ այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 22 000 անձ, որոնցից 5300-ը հանգրվանել է Արտաշատում։ Այս պահին մարզկենտրոնում հաշվառված է 1250 ընտանիք։ Սեպտեմբերի 25-ից մարզի իշխանությունները ձեռնամուխ են եղել հայրենակիցներին պատշաճ ձևով ընդունելու գործընթացին։ Այդ նպատակով Արտաշատի մարզադպրոցն իսկույն վերապրոֆիլավորվեց որպես ժամանակավոր կեցավայր, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները գիշերակացի խնդիր չունենային։

Արարատի մարզի Արտաշատ համայնքը շատ խիտ է բնակեցված, որտեղ հյուրատները և հյուրանոցները շատ քիչ են, հետևաբար մեր հայրենակիցները մեծամասամբ տեղավորվել են բնակարաններում և առանձնատներում։ Շատերն էլ հանգրվանել են իրենց բարեկամների տներում։ Հետագայում բռնի տեղահանվածներին մարզի իշխանություններն առաջարկել են անհատույց օգտագործման կամ վարձակալության հիմունքներով տներ։

Արտաշատ համայնքի վարչական ներկայացուցիչները սկզբնական օրերին աշխատել են 24-ժամյա ռեժիմով, կատարել են կարիքների գնահատում՝ ստեղծելով համապատասխան հանձնաժողովներ։ Տեղահանված անձանց հետ աշխատել են նաև հոգեբաններ, իսկ երեխաներին զբաղեցրել են համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները։  

«Ոստան համայնքում տեղակայվել է 34 ընտանիք (140 հոգի)։ Նրանցից 28-ը տեղակայվել են համայնքի մարզադպրոցում, ևս չորս ընտանիքի առաջարկվել են նոր բնակարաններ, որպեսզի ընտրություն կատարեն և հավանելու դեպքում տեղափոխվեն այնտեղ։ Օգնում ենք մեր հայրենակիցներին, որպեսզի անխոչընդոտ օգտվեն կառավարության ծրագրերից։ Սոցիալական ծառայության մարզային աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց։ Բռնի տեղահանվածներին տարատեսակ օգնություն են ուղարկում նաև արտասահմանի հայկական համայնքները։ Հիմնականում ստացվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, մահճակալներ, ներքնակներ, բարձեր, վերմակներ։ Մարզպետարանն ու տեղի համայնքներն ակտիվորեն համագործակցում են մասնագիտացված ՀԿ-ների հետ, որոնք օգնում են՝ մատակարարելով տաք և չոր սնունդ»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին արդեն առաջարկվում են բնակարաններ միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակության համար։ Այս պահին 150 անձ է դեռ մնում ժամանակավոր կեցավայրերում։ Նրանց հետագա բնակության վայրի հետ կապված հարցերը կլուծվեն մոտակա 1-2 ամսվա ընթացքում։ Յուրաքանչյուր ընտանիքի համար ստեղծվել են առանձին պայմաններ, որպեսզի մարդիկ ապրեն նորմալ միջավայրում։ Մկրտչյանը հավաստիացրեց, որ մեր հայրենակիցները խնդրում են, որպեսզի մնան Արարատի մարզում և այլ տեղ գնալու ցանկություն չունեն։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին այցելել էր Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան բնակավայր, որտեղ հանդիպել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, շփվել նրանց հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։ 

Արմենպրես
https://armenpress.am/arm/news/1123529.html?fbclid=IwAR2rcp_14KEXHaDKmZlIU4VtP3XUgoPweSKKf-lLbr2Gb9X1dH3rDeWdEkg

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner