Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 280
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1948-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 1948-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը․

Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 բազմաբնակարան շենքի բակում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, կառուցվել է ինքնակամ շինություն՝ ավտոտնակ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

  Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի <<բ>> կետի՝ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում անցկացվել են լսումներ։

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Վարչական գործի փաստական հանգանմանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝

ա․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 բազմաբնակարան շենքի բակում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ինքնակամ կառուցվել է ավտոտնակ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի և գոյություն ունեցող շինության նկատմամբ չկա ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք․

բ․ վերոնշյալ ինքնակամ կառուցված շինությունով փաստացի ծանրաբեռնված է Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռված ինքնակամ կառուցված շինությունից։

3․ Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։ Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մասի 18-ի N912-Ն որոշման հաստատված կարգի 33-րդ կետի «1․Համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին․․․»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ավտոտնակը ինքնակամ կառուցած անձը 18/04/2024թ․-ին, ժամը 15։00-ին հրավիրվել է Արտաշատի համայնքապետարան լսման, որին մասնակցել է և ներկայացրել լուսանկարներ։

 Արտաշատ համայնքի ղեկավարի 18․04․2024թ․ ծանուցագրով ինքնակամ շինությունը կառուցողին առաջարկվել է 3-օրյա ժամկետում քանդել ինքնակամ շինությունը, սակայն վերջինս քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները՝ որոշում եմ․

1․ Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի օժանդակությամբ ապամոնտաժել Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 բազմաբնակարան շենքի բակում գտնվող ինքնակամ շինությունը՝ ավտոտնակը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

2․Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժնի պետին՝ Արտաշատի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

3․ Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և Արտաշատ համայնքի «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

5․Որոշումը կարող է բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner